Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։
Հարցը քննարկվում է վեցերորդ անգամ։ Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նախորդ անգամներին, այնպես էլ այս անգամ, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է նրա ընտրությանը։
Ղազինյանը նշեց, որ ՔՊ-ականները ունեն «դեմ» քվեարկելու քաղաքական որոշում, ղեկավարի քաղաքական հրահանգը ունեն, հետևաբար՝ ինքնանպատակ հարցուպատասխանի, արձագանքների, ելութների ժամանակ իր մասնակցությունը նպատակահարմար չէ։
«Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին և փոխել թեկնածուին և «Հայաստան» խմբակցությունը այս պաշտոնը չի զիջելու իշխանությանը։ Դուք ձեր մեջ հարցերը տվեք, պատասխանները ստացեք, քվեարկությունը ապահովեք, որոշումը հրապարակեք»,-ասաց Ղազինյանը ու լքեց հանձնաժողովի նիստերի դակլիճը։
Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց դրան․ «Պարոն Ղազինյան, Դուք ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսում․․․Պարտիզանական պահվածք է»։
Նիստը շարունակվում է։