Ներկայացնենք նաև լավ փորձը՝ Վանաձորի թիվ 16 դպրոցը ընտրված 100 դպրոցներից մեկն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսելով մեր դպրոցների մասին՝ ներկայացնենք նաև լավ փորձը։

Հոկտեմբեր ամսին կազմակերպվում է համաշխարհային կրթական շաբաթ, որին մասնակցելու հայտ են ներկայացնում հազարավոր դպրոցներ տարբեր երկրներից։ Ընտրվել են ընդամենը 100 դպրոցներ։ Վանաձորի թիվ 16 դպրոցը ընտրված 100 դպրոցներից մեկն է, կմասնակցի հոկտեմբերի 3-8-ը կայանալիք համաշխարհային կրթական շաբաթին և կներկայացնի ամառային ճամբար կազմակերպելու իր փորձառությունը։

Ճամբարում ընդգրկվել են 6-ից 10 տարեկան դպրոցականներ։ Երեխաների համար ճամբարը եղել է անվճար: Նրանց հետ դպրոցի մանկավարժներն աշխատել են կամավորության սկզբունքով։ Ճամբարականների առօրյան դպրոցում սկսվել է առավոտյան ժամը 10։00-ին և ավարտվել 14։00-ին։ Օրվա ընթացքում նրանց անվճար սնունդ է տրամադրվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Սնունդը պատրաստել են երեխաների՝ կամավորության սկզբունքով աշխատող ծնողները։

Ճամբարի աշխատանքներին աջակցել են նաև միջին դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր իրենց նախաձեռնությամբ հանդես են եկել որպես ջոկատավարներ: Ճամբարի ընթացքում աշակերտների հանգստի հետ մեկտեղ կազմակերպվել է աշակերտների ոչ ֆորմալ կրթություն, որն էլ լինելու է դպրոցի՝ համաշխարհային կրթական շաբաթին ներկայանալու հիմնական առանցքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել