Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի շահերը։
Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, ապա երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։
Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը։
Տասը տարին լրացած երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։
Երեխայի որդեգրման վերացում չի թույլատրվում, եթե որդեգրումը վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին որդեգրված երեխան դարձել է չափահաս, բացի այն դեպքերից, երբ նման վերացման համար առկա են որդեգրողի և որդեգրված երեխայի, ինչպես նաև որդեգրված երեխայի ծնողների փոխադարձ համաձայնությունը, եթե ծնողները ողջ են, զրկված չեն ծնողական իրավունքներից, կամ դատարանը նրանց անգործունակ չի ճանաչել։