Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Հայարփի Զարգարյանի նախագահության, հրապարակել է «Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի» գործով որոշումը և մասնակի բավարարել Ազգային ժողովի նախագահի հայցը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանը զրպարտություն է որակել iravunk.com կայքի 2020 թվականի հունիսի 20-ի՝ «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի հետևյալ արտահայտությունը. «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:
Դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ընկերությունից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար, 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Նշենք, որ Սիմոնյանը ներկայացրել է նյութական փոխհատուցման առավելագույն չափի բռնագանձման պահանջ, սակայն դատարանը գտել է, որ այն հիմնավոր չէ։․ «Այդ մասով առկա չէ որևէ հիմնավորում պահանջվող փոխհատուցման գումարի համաչափության և ողջամտության վերաբերյալ»:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հայցադիմումի հիման վրա դատարանի վարույթում դեռ քննվում են թվով 6 գործեր, որոնք վերաբերում են պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներին։