Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԿԱՄ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ
Առողջապահության նախարարի հայտնի հրամանով, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հոկտեմբերի 1-ից հետո, գործատուի վրա չի դրվել պարտականություն աշխատողներին ստիպել պատվաստել կամ չպատվաստված աշխատողներին չթույլատրել աշխատանքի:
Գործատունե՛ր, այսպիսի գործընթացի մեջ ներքաշվելով մեծ ռիսկի տակ եք մտնում բարոյական և նյութական լուրջ վնասներ կրելու առումով:
Այսօր չենք անդրադառնում այն հարցին, որ առողջապահության նախարարի հայտնի հրամանը հակասահմանադրական է: Դրա մասին խոսել ենք, ու դեռ կխոսենք:
Այդ հրամանով գործատուի վրա դրվել է պարտականություն՝ տնօրենի հրամանով նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու՝ ով ՊՇՌ սերտիֆիկատների մասով, պետք է ապահովի ՊՇՌ հետազոտության վերաբերյալ գրանցամատյանների վարումը:
Այսքանով ավարտվում է գործատուի միսիան: Իհարկե գործատուն ընդհանուր կանոններով պետք է ախտահանումը կազմակերպի, ջերմաչափումը և այլ միջոցառումները, բայց ՊՇՌ հետազոտության մասով այսքանն է:
Գործատուի կողմից գրանցամատյանի վարելու դեպքում, գործատուին չեն կարող տուգանել: Եթե աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ սերտիֆիկատ, ապա գործատուն այդ աշխատողի մասով որևէ լրացում չի կատարում գրանցամատյանում և չի կարող աշխատողին չթույլատրել աշխատանքի:
Գործատուները պետք է հիշեն, որ հոկտեմբերի 1-ից հետո աշխատողներն ունեն 14 օր ժամանակ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
Մինչև այդ մենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության պլանը կներկայացնենք:
Հարգելի գործատուներ, «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը կպաշտպանի նաև ձեր իրավունքները պետական մարմինների անօրինականությունների դեպքում:
Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք չենք պայքարում ընդհանրապես պատվաստվելու դեմ, մենք պայքարում ենք պատվաստվելու ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ բաղադրիչ դեմ:
Յուրաքաչյուր մարդ պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ:
Առողջ եղեք»: