Հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների. Արմեն Գրիգորյան

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզանից առաջ, նախկին իշխանությունները, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև, եթե նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևէ հարցում առաջ գնալ: Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսության»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ բոլոր գոյություն ունեցող հարցերը քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Գորիս-Կափան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ դնելուն՝ նշելով, որ, և՛ հայկական, և՛ իրանական կողմը մտահոգված են:

«Այս հարցը բոլոր մակարդակներում մենք քննարկում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա, այսինքն: Եվ՛ մեր ռուս գործընկերների հետ, և՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք և ակնկալում ենք հնարավորինս արագ լուծում: Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ այդ ճանապահի հետ կապված Ադրբեջանը պարբերաբար պրովոկացիաներ է նախաձեռնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել