ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող տուն և նրա թույլտվությամբ մտել ներս: Տանը գտնվելու ընթացքում, տարեց կնոջը պատկանող գույքը հափշտակելու նպատակով, 44-ամյա տղամարդը հարձակվել է վերջինիս վրա և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կզակին, պարանոցին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը հափշտակել է տարեց կնոջը պատկանող 60.000 ՀՀ դրամը և հեռացել:
Բացի այդ, 44-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ գործարանային արտադրության 2 հատ՝ 5,45մմ /5,45×39 և 9մմ /9×18 տրամաչափի փամփուշտ, դրանք ապօրինի պահել իր մոտ, որոնք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: