Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատեց Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։
Նախագիծը պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի և ստորագրվի նախագահի կողմից։
Հիշեցնենք, որ նույն օրենքի համաձայն, միայն Սուրբ Ծննդյան օրվա հաջորդող մեռելոցն էր պաշտոնապես ոչ աշխատանքային օր համարվում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
Մեթոդաբանություն։
Տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։