Ազգային ժողովի «Պատիվ ունե» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։
Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում ասաց. «Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:
Այս հայտարարությունից հետո Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները առցանց ակցիա սկսեցին, պահանջելով՝ չեղյալ համարել տոնակատարությունները: