ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվում է աշխատանքից

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպ անության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պարզաբանումը է տարածել սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ։

Կազմակերպության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցիալական այլ հարթակներում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը ավելի վաղ պարզաբանել էր․

«Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։

Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։

Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։

Նշենք, որ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը օգոստոսի  19-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

«Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի»,- նշված էր հայտարարության մեջ։

Համացանցում տարածվում են լուսանկարներ ու տեսանյութեր այն մասին, որ Գառնու տաճարի մուտքը փակվել է սեպտեմբերի 4-ին, քանի որ հարսանիք է անցկացվել այնտեղ։

Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում էր տարածել, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները: Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով:

Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում էր․

«Հարգելի գործընկերներ,

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։

Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել