«Այս պահին մենք ունենք այն իրավիճակը, որ կարող ենք դիմակների համատարած կրելու պարագայում բավական լավ ազդեցություն ունենալ, իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը դեռ ահագնացող չեն, բայց աճի տեմպն անընդհատ պահպանվում է»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ իրենք ունեն պատվաստանյութերի բավարար պաշար:
««Sputnik V»-ի հետ կապված կան արտադրական խնդիրներ, ինչը նաև մատակարարման ժամկետներն է մի փոքր հապաղեցնում, մենք մյուս շաբաթ արդեն կստանանք 2-րդ դեղաչափը: Պետք է նշեմ, որ «AstraZeneca» և չինական պատվաստանյութերը առկա են և մեր քաղաքացիները հանգիստ կերպով կարող են դիմել»,-ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը անդրադարձավ առաջիկայում սպասվող սահմանափակումներին, նշելով, որ դա չի վերաբերելու միայն ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
«Սա վերաբերում է բոլոր տնտեսվարողներին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն մեծ հոսքը որ սպասվում է պատվաստվողների, արդյունավետ, հանգիստ կերպով կազմակերպենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կան տասնյակ դեպքեր, երբ պատվաստված մարդիկ վարակվել են կորոնավիրուսով, բայց ծանր դեպքեր չեն եղել: Ամեն դեպքում վարակվելու ռիսկը պահպանվում է:
«Մենք ունենք մարտահրավեր, այս մարտահրավերը երկար է ձգվում, բայց դրանից մեր զգոնությունը և դրա վտանգավորությունը չի իջնում ցավոք սրտի, և մենք որպես կառավարություն պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, կյանքը: Անհարմարությունները և սահմանափակումները որոշ գործիքակազմ են, որոնցով մենք պետք է հասնենք այդ նպատակին: Պատվաստումները կամավոր են, բայց եթե անձինք որոշ պատճառներով հրաժարվում են պատվաստվելուց, ապա նրանց հնարավորություն է ընձեռնվում հավաստելու ոչ վարակակիր լինելու փաստը և ներկայանալու աշխատանքի, չվարակելու իր կոլեգաներին»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: