Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է․

«Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է»:

Քիչ առաջ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցին զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:

Փաշինյանը հայտարարեց, որ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»:,- նշեց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել