Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհը։
«Շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին։ Իհարկե, ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից։
Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորի թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Կարողացա՞ք ապահովել Սյունիքում անվտանգությունը։
2 օր է խոսում եք խաղաղությունից։ Ի վերջո, հասկանում եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հաղորդագրության մեջ։