Հովիկ Աղազարյանը վտանգավոր է համարում Տիգրան Աբրահամյանին և Արմեն Գևորգյանին

«Պետք է անդրադառնամ Արամ Վարդևանյանի ելույթին, նա ասում է, որ ներկայացնում է փաստեր, բայց միշտ պահպանում է անմեղության կանխավարկածը։ Բա հիմա Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ։ Սիրուն ես էլի խոսում, հո ժխտելու չի, բայց դատարկ է»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում, ելույթների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի այն խոսքին, որ տարածվել էր փաստաթուղթ, որի վրա չէր եղել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նա նշեց, որ չէր ստորագրել, որովհետև որոշ կետերի հետ համաձայն չի եղել, այդ կետերը հանվել են, նոր ստորագրել է։

«Կառավարության շենք մտածներին կար հրագանգ՝ սպանել Հայաստանի Հանրապետության վարչապետին և սպանել Ազգային ժողովի նախագահին։ Փառք Տիրոջը, որ չեղավ այդ ամենը»,-ասաց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանն անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ասաց, որ նա իրենց չի խանգարում։

«Պարոն Ալեն Սիմոնյանը շատ լավ տարբերակ գտավ՝ առաջարկեց ևս մեկ լրացուցիչ նիստ անել, որպեսզի մենք այդ կորցրած ժամանակը կոմպենսացնենք, մենք սրա համար փող ենք ստանում, և եթե մի երկու օր էլ ավել նիստ անենք ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, կառավարությունը շատ հաջող աշխատում է, և մենք այստեղ քննարկումներ ենք անում»,-նշեց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանն ասաց, որ վտանգավոր է համարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին։

«Որովհետև Աննա Մկրտչյանը երիտասարդ է, ցավով է ապրում այն կորուստները, որ մենք ունեցել ենք, և զգացմունքային ֆոնի վրա, երբեմն-երբեմն թույլ է տալիս ավելորդություններ, բայց Տիգրան Աբրահամյանը սադիստի համառությամբ միտք է արտահայտում՝ պարոն վարչապետ, դուք, ստորագրել եք եռակողմ պայմանագիրը և հետո պարզվեց, որ էլի հողեր տրվեց, որ չկար նշված, բայց այդ հայտարարության 6-րդ կետում այդ ամենի մասին գրված է, պետք չէ այդ ամենը շահարկել դիվիդենտներ շահելու համար»,-ասաց Հովիկ Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել