ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Դեսպանը շնորհավորել է նախարարին  նոր կառավարության ձևավորման համար`  նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:

 ԿԳՄՍ նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: 

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` Վահրամ Դումանյանը առանձնակի կարևորել է  ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` նախարարը նշել է Հայաստանի մարզերում անգլերենի 16 ակումբների բացումը, ինչը անգլերենի ուսուցիչների կարողությունների հզորացման նոր հնարավորություն է, և դիտարկվում է որպես աջակցություն  ոլորտի բարեփոխումներին:  «Նմանօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Միջբուհական համագործակցության համատեքստում նախարարը խոսել է 2018 թվականին մեկնարկած «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Հաշվի առնելով «Ստեղծարար միտք» ծրագրի առանձնահատկությունը և հնարավորությունները` նախարարն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը` դիտարկելով նաև փորձի փոխանակման  հնարավորությունները: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված  է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական փորձով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանված կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) լավագույն մոդելներ,  բյուջետային ծախսերի արդյունավետության մեթոդական մոտեցումներ և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը և գիտնականների միջև ուղիղ կապերի հաստատումը, որոնք կարող են նպաստել   գիտության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: 

Հայաստանում Բրիտանական խորհրդն աջակցություն է ցուցաբերել նաև մշակույթի ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ներառականության խնդիրներին: Նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է ընդլայնել ծրագրերը` կազմակերպելով հայ-բրիտանական մշակույթի օրեր, արվեստի  փառատոններ և ցուցահանդեսներ:  Համագործակցության ընդլայնման մյուս ուղղությունները, նախարարի առաջարկությամբ, կարող են լինել մարզիչների և մարզիկների փոխանակման, սպորտային բժշկության, երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերը: Համագործակցության նոր ծրագրերն համակարգված իրականացնելու նպատակով` ԿԳՄՍ նախարարն առաջարկել է մշակել փոխըմբռնման հուշագիր:  

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրի վրա: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների, այդ թվում` նաև Միացյալ Թագավորության կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իրենց հսկողության ներքո հայտնված շուրջ 4000 հայկական պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումը աղավաղելուց:

Դեսպան Ջոն Գալլագերին այս առնչությամբ նշել է, որ հայ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահում է ուշադրության կենտրոնում` հարցը քննարկելով  ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև կարևերով  կայուն և տևական խաղաղության հաստատումը տրածաշրջանում:

Հանդիպման ընթացքում ծավալված երկխոսության ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումներին` նշելով, որ դրանք ընդգկում են կրթության բոլոր աստիճանները`  նախադպրոցական համակարգից մինչև բարձրագույն կրթության և  գիտություն: Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման  հնարավորություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել