Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։
Ծրագրի երկրորդ մասում անդրադարձ է կատարվում բարձր տեխնոլոգիաներին։
Իրավաբան.net-ը ներկայացնում է ոլորտին վերաբերող հատված՝ կառավարության ծրագրից։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաստանում կստեղծվի առնվազն 16,000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության նպատակադրված է իրականացնել հետևյալ քայլերը.
- բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանակական բարելավում,
- բարձր տեխնոլոգիական ընկերություններում (ստարտափներում) անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով ֆինանսական գործիքներ ներգրավելու հնարավորությունների շարունակական մեծացում, այդ թվում՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով,
- տեխնոլոգիական ներուժի ներգաղթի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նորաստեղծ ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու միջոցով բարձր տեխնոլոգիական ոլորտում և տնտեսության բոլոր հատվածներում նոր արժեք ստեղծելու և տեխնոլոգիական լուծումների կիրառության ապահովում,
- աշխարհի տեխնոլոգիական, կրթական, գիտահետազոտական կենտրոններից գիտելիքի և հմտությունների ներհոսքն ապահովելու, տեխնոլոգիական ոլորտում զարգացումը, ներդրումների ներգրավումը խթանելու նպատակով կրթական և աքսելերացիոն ծրագրերի իրակականացում,
- Հայաստանում Հանրապետությունում առկա տեխնոլոգիական կենտրոնների, տեխնոպարկերի, աքսելերատորների և ինկուբատորների կարողությունների բարելավում, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով ՀՀ մարզերում նոր կենտրոնների հիմնում, այդ թվում՝ միջազգային համագործակցության հիման վրա,
- «Ինժեներական քաղաքի» օրինակով ճարտարագիտական և արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծում և զարգացում,
- աշխարհում, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, միջոցառումներում հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի (ընկերությունների) ներկայության ապահովում և առաջխաղացում,
- բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանում՝ նոր մասնագետների պատրաստման և այլ ոլորտի մասնագետներին վերամասնագիտանալու հնարավորությունն ընձեռելու միջոցով,
- ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում։