Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը փոխվում է

Ազգային ժողովը հունվարին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում օգոստոսի 16-ին։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ վաղվանից փոխվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու։

Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում էր առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարվա գործածություն ունեցողներից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարվա գործածություն ունեցող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել