Դանակահարություն Կարմիր Բլուրի փողոցում. ոստիկանություն

Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մեկնեցին նշված փողոց, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ:

Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի։

Հաղարդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել