Արդյոք որևէ մեկը գիտի, թե Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի. Մեսրոպ Առաքելյանը՝ կառավարության որոշման մասին

Եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ միայն և ոչ այնքան տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ։ Մեր բնակֆոնդի 90 տոկոսից ավելին շուտափույթ փոփոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ և կառուցապատողների և բնակիչների համար։

Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել։ Բնակարանաշինության խթանման ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է։

Ի վերջո, մենք էլի կարճաժամկետ խնդիրները գերադասում ենք երկարաժամկետ նպատակներից։ Երևանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երևանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, և երբ են փոխարինվելու հին շենքերը։ Սակայն այսօր Երևանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումներային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում, օրինակ, Երևանի Աջափնյակ համայքնում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է։

Ու արդյո՞ք որևէ մեկը գիտի, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի և ի՞նչ «կարժենա» մեր ազգին նման մարդկային ու սոցիալական աղետը… Ու որտեղի՞ց նման բան չդիտարկելու այս հանցավոր անհոգությունը։

Հ. Գ․ Հատուկ մի երկու հոգու համար՝ այս մասին իմ դեմ դիրքորոշումը հայտնվել եմ միշտ՝ և կառավարության քննարկումներում, և հրապարակային»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Կառավարությունը օգոստոսի 12-ի նիստին որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։

Որոշման նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտե­­սական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս­տելն է:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիա­­­կանության և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիպո­տե­կային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։ Մասնավո­րա­պես, նախագծով առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,

բ․ 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,

գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,

դ․ 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում,

Սահմանվել է նաև, որ առաջարկվող սահ­մա­նա­փա­կում­­ները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարական թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Բնականաբար, նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջա­նակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումար­ները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել