Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դրանք օրինական են, արդար են և դա դատական համակարգը մաքրելու, զտելու օրինական ձևն է:
«Ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցները ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Պարոն Բադասյանի շնորհիվ այս զտումը սկսվել է, և ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վաղը ես հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են դատաիրավական բարեփոխումների ոլորտով: Հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք ամենաարդար և լավ մոդելը, վատ դատավորներին համակարգից դուրս մղելու, իսկ այն որ դատական համակարգը կարիք ունի ֆիլտրացիայի, բոլորն են ասում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ` նա նշեց.
«Երբ ես ասել եմ, որ լրագրողի անվան տակ կարող է լինել ահաբեկիչ, դա չի նշանակել, որ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ, նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ: Ես խոսել եմ անվտանգության խնդիրների մասին: Անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում ցանկացածի տեղաշարժը կարող է սահմանափակվել»: