ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր։

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայկական կողմն ունեցել է երեք զոհ, հինգ վիրավոր։ 11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:  08։40-ի սահմաններում թշնամին կրկին կրակ է բացել։ Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, թշնամին խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել