Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:
Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը:
Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել էր ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
«Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ», – նշել էր Արցախի ՄԻՊ-ը։
Ավելի ուշ Մաճկալաշեն գյուղի ֆեյսբուքյան էջը հայտնեց․
«Առավոտյան կորած անասունների որոնման ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում գերեվարված Արտակը վերադարձվել է նա հիմա եղբոր հետ միասին գալիս են գյուղ»։