Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին բարձրացրել եմ 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:

Մասնակիցների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հարցն ընդուվեց որպես խորհրդակցական բնույթի առաջարկ:

Այսօր տեղեկացա, որ ՔՊ-ն որոշել է խորհրդարանում ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը: Եթե մեր առաջարկած «խորհրդարանական խմբակցություններ + արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ» ֆորմատով ձևավորվի փաստահավաք խումբը, ապա պատրաստ ենք, ոչինչ չխնայելով, այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ:

Ասեմ, որ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ինչ դասեր պետք է քաղվեն:

Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է:

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ առաջիկա հանդիպումներին բարձրացնելու եմ բոլոր այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մասին խոսել եմ քարոզարշավի ժամանակ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին:

«Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայումз,- ասված էր կառավարության տարածած հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել