Ֆուտբոլի դպրոցական առաջնության ժամանակ ֆուտբոլիստներից մեկի հայրը սկսել է կրակել․ մանրամասներ

Լոռու մարզի բնակիչ Վ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ ցուցաբերած պահվածքի համար։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Հարությունյանին։

Նշվում է, որ Վ․Հ․-ն ապրիլի 18-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ, ցավագին ընդունելով իր երեխայի կողմից ֆուտբոլի դաշտ մտնելու և խաղացողներին խանգարելու համար Մարցի ֆուտբոլային թիմի ավագ Ա․Ա․-ի կողմից կատարված դիտողությունը, վիճաբանության մեջ է մտել նրա, ապա ֆուտբոլի թիմի մյուս մասնակիցների հետ։

Վ․Հ․-ն վերջիններիս հասցեին տևական ժամանակ՝ շուրջ 20 րոպե տևողությամբ տվել է սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ, ապա բռնություն գործադրել ֆուտբոլային թիմի անդամների նկատմամբ, որից հետո նրանց հասցեին տալով սպանության սպառնալիքներ հեռացել է ֆուտբոլի դաշտից։

Նա կարճ ժամանակ անց կրկին վերադարձել է դաշտ և իր մոտ գտնվող որսորդական հրազենից 2 անգամ կրակել դեպի օդ, որի արդյունքում ֆուտբոլի դաշտում գտնվող քաղաքացիներն ու մասնակիցները դիմել են փախուստի, իսկ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնությունը չի կայացել:

Նշվում է, որ Վ․Հ․-ն դատվածություն ունի և այն մարված չէ։ Հերթական դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել