ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»:
Այսօր՝ հուլիսի 26-ին, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։
Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։