«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հայտարարությունը․
«Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.
ՀՀ անվտանգության նկատմամբ սպառնալիքները որևէ հիմնավորմամբ չեն կարող լինել ներքաղաքական շահարկումների և պառակտիչ գործողությունների առիթ, փոխարենն անհրաժեշտ է ձևավորել կենսունակ համահայկական օրակարգ՝ Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի ազդեցությունը չեզոքացնելու և ՀՀ անվտանգությունն ու հասարակության դիմադրողականությունը բարձրացնելու համար.
ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման և պետական սահմանի անխախտելիության ապահովման համար հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ՝ ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությւնների պարբերաբար անցկացմամբ.
ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ դիմեն ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և սահմանային խնդիրների կարգավորման նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ: