Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն Կ․Լ․-ն ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Մ․ Մ․-ի և դպրոցի աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019 թվականների ընթացքում կազմել է կեղծ փաստաթղթեր, վատնման և յուրացման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները։
Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դպրոցի տնօրենը Հ․Ե․-ին և Օ․Գ․-ին աշխատանքի ընդունելու համար նրանցից պահանջել ու անձամբ կամ միջնորդավորված խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ է կաշառք ստացել։
Գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ուսուցիչների դասաժամերը չկրճատելու պատրվակով նրանց դրդել է կաշառք տալու փորձ կատարելուն և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպության այլ աշխատակիցների օժանդակությամբ խարդախությամբ վերջիններից հափշտակել է զգալի չափերի գումարներ:
Գործով որպես ամբաստանյալ է ներգրավվել նաև դպրոցի հաշվետարը, ով վճարվել, սակայն աշխատանքի չի հաճախել։ Մեղադրանք է առաջադրվել նաև դստերը աշխատանքի տեղավորելու համար դպրոցի տնօրենին կաշառած անձին, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից մեկին, ով նաև դպրոցի գործավարն է եղել։
Գործով հերթական դատական նիստը այսօր է նշանակվել։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: