Տնտեսվարողները պարտականություն ունեն՝ ՄՊՀ-ին տեղեկատվություն տրամադրելու հարցում

Տեղեկատվություն պահանջելը և ստանալը Հանձնաժողովի կողմից կիրառվող կարևորագույն գործիքակազմերից է և կիրառվում է ընթացակարգային գրեթե բոլոր գործողությունների ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով։

Այս մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Լիդա Մուրադյանը մանրամասներ է ներկայացրել Հանձնաժողովի կողմից տեղեկատվություն պահանջելու և ստանալու լիազորությունների վերաբերյալ։

Որո՞նք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերը.

  • Հանձնաժողովի նախագահի գրությունը,
  •  Հանձնաժողովի որոշումը,
  • անմիջականորեն օրենսդրությամբ սահմանված պահանջը։

Ո՞րն է տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի լիազորության իրականացման նախադրյալը․

Յուրաքանչյուր դեպքում տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի լիազորության իրականացման նախադրյալը պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունն է Հանձնաժողովի այլ լիազորությունների իրականացման համար։

Ի՞նչ ժամկետում են տնտեսավարող սուբյեկտները պարտավոր ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն․

Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում։

Ուշագրավ է, որ օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է ժամկետի երկարաձգման հնարավորություն։ Մասնավորապես, ժամկետի երկարաձգման հնարավորություն կարող է նախատեսվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․

  •  տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է միջնորդություն,
  •  միջնորդությունը ներկայացվել է տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետում,
  •  ներկայացված միջնորդությունը հիմնավոր է։

Որո՞նք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու իրավական հետևանքները․

Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում՝ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանք՝ մինչև հինգ միլիոն դրամի չափով:

Իսկ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկատվություն տրամադրողը վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտն է, Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:

Միաժամանակ, անհրաժետ է նկատի ունենալ, որ Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին։

Ի՞նչ կարգով կարող է տնտեսավարող սուբյեկտը վիճարկել Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը․

Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում:

Այլ կերպ ասած, տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է ներկայացնել Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողովի բնականոն գործունեության իրականացումն ապահովելու նպատակով, իսկ չտրամադրելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել միայն տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել