Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել:
«Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: