«IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին Հայաստանի կողմից ներկայացված են եղել որոշ մոդելային ցուցանմուշներ․ նախարարություն

Աբու Դաբիում կայացած «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին Հայաստանի կողմից ներկայացված են եղել որոշ մոդելային ցուցանմուշներ, որոնք ցուցահանդես են հասցվել անհատապես։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Դրանք, ի տարբերություն ցուցանմուշների հիմնական մասի, որոնք նախատեսված են եղել ցուցահանդես հասցնել միասնական ուղեբեռով, Աբու Դաբի են հասցվել առանձին ուղեբեռով։

Այս մասին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից մամուլին տրվել էր համապատասխան մեկնաբանություն։

Նախարարության կողմից ներկայացված 23 ցուցանմուշների մասին ինֆորմացիան վերաբերում է հիմնական խմբաքանակին, որոնց տեղափոխման հետ խնդիր էր առաջացել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցության ձևաչափի և ձևանմուշների հետ կապված խնդիրներ էին առաջացել․ «Նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կբերվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են»։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում նշվում է․

«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,-նշված է եղել հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել