«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած կրակոցներին, որին, ըստ մամուլի տեղեկությունների, մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։
«Երեկ, Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում: Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը»,– գրել է նա։
Նշենք, որ ֆեյսբուքյան գրառմամբ միջադեպին այսօր անդրադարձել է նաև Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը։
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– գրել է նա:
Հիշեցենք, որ երեկ Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքի մասնակիցներից է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։