Շուրջ 42,000 շահառու այսուհետ սոցիալական ծառայություններ կստանա մեկ հարկի տակ․ Մարտունիում պաշտոնապես բացվել է ՄՍԾ տարածքային կենտրոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Գեղարքունիքի մարզի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Մարտունու տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 42,000 շահառուի․ այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է ՄՍԾ կողմից առավել արդյունավետ և հասցեական ծառայությունների տրամադրման կարևորությունը՝ այս համատեքստում շեշտելով նաև միջգերատեսչական համագործակցությունը։ «Միասնական սոցիալական ծառայությունը կայացման փուլում է, և այն պետք է դառնա տվյալ համայնքում կենդանի օրգանիզմ։ Անհրաժեշտ է համապարփակ գնահատել քաղաքացու կարիքները և սոցիալական աջակցությունից նրան ուղղորդել դեպի մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածության ծրագրեր»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել է սոցիալական ծառայությունների առավել հասցեական տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործման ու զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համատեղ աշխատանքների արդյունավետ կազմակերպման պատրաստակամություն է հայտնել՝ շեշտելով, որ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների պատշաճ մատուցման ապահովումը համընդհանուր առաջնահերթություն է․ «Շատ կարևոր է, որ քաղաքացին տարբեր կենտրոններ այցելելու փոխարեն՝ սոցիալական ոլորտին առնչվող հարցերի պատասխաններն այժմ կարողանում է մեկ վայրում ստանալ։ Նույնքան կարևոր է նաև, որ քաղաքացիներին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնության փոխարեն ապհովվի նրանց կայուն զբաղվածությունը։ Դա հնարավորություն կտա ապահովել վերջիններիս ինքնազբաղվածությունը․ քաղաքացին կկարողանա հոգալ իր կարիքները, և այդ գործում պետությունն իր առանցքային դերը կունենա»։
Անդրադառնալով ՄՍԾ կատարելագործմանն ու զարգացմանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը վստահեցրել է՝ ծառայության ստեղծմամբ գործադրվում են բոլոր ջանքերը հնարավոր նույնական աշխատանքների բացառման, դրանց օպտիմալացման և նախկինում միմյանցից անկախ գործող ծառայությունների արդյունավետ մեկտեղման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։