4 անձի մեղադրանք է առաջադրվել նորածին երեխայի վաճառքի կազմակերպման համար

4 անձի մեղադրանք է առաջադրվել նորածին երեխայի վաճառքի կազմակերպման համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանին։

Ըստ գործի նյութերի՝ Ա․ Վ․-ն «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Է․ Ս․-ի կազմակերպմամբ, ամուսիններ Գ․ Մ․-ի և Ք․ Գ․-ի խնամքին հանձնելու նպատակով ուղղակի դիտավորությամբ կատարել է իր նորածին երեխայի վաճառք:

Ա․ Վ․-ն 2017 թվականի մարտի 25-ին ծննդաբերել է արական սեռի երեխա և չի ունեցել երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցներ՝ նույն օրը նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Է․ Ս․-ի միջոցով հիշյալ բժշկական կենտրոնում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գ․ Մ․-ի և Ք․ Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ:

Նշված անձինք այցելել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), որտեղ երեխայի վաճառք կատարելու դիտավորությամբ հայտարարել են, որ երեխայի հայրը հանդիսանում է Գ․ Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո Գ․ Մ․-ն և Ք․ Գ․-ն երեխայի խնամքը ստանձնելու նպատակով Է․ Ս․-ի միջոցով Ա․ Վ․-ին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել