Կառավարության նոր որոշումը՝ համարանիշերի գողությունը կանխելու համար․ կրկնօրինակներ կտրամադրվեն

Կառավարությունը հուլիսի 15-ին որոշում ընդունեց կորած համարանիշների կրկնօրինակի տրամադրման հետ կապված, որով որոշ չափով կկանխվեն լայն տարածում ստացած՝ համարանիշների հափշտակությունները:

Այս որոշումը նպատակ ունի սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։

Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։

Նշված կարգավորումները պատճառ են դարձել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում զգալի շատացել են ավտոմեքենաների պետական համարանիշների գողության դեպքերը։

Ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման ոստիկանությունից պատասխանել են, որ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության 547 դեպք է արձանագրվել, որից բացահայտվել է 10-ը։

Երևան քաղաքում կատարվել է 513, մարզերում՝ 14 գողության դեպք․

  • հունվար – 43, որից 38-ը Երևանում, 5-ը՝ մարզերում,
  • փետրվար – 68, որից 66-ը Երևանում, 2-ը՝ մարզերում,
  • մարտ – 56, որից 55-ը Երևանում, 1-ը՝ մարզերում,
  • ապրիլ – 81, որից 77-ը Երևանում, 4-ը՝ մարզերում,
  • մայիս – 187, որից 178-ը Երևանում, 9-ը՝ մարզերում,
  • հունիս (մինչև 20-ը) -112, որից 99-ը Երևանում, 13-ը՝ մարզերում։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության 128 դեպք է արձանագրվել, որից բացահայտվել է 8-ը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել