Կառավարությունը հուլիսի 15-ի հերթական նիստին որոշում ընդունեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին։
Այս որոշման համաձայն պետք է ապահովվեն հետևյալ արդյունքներ.
1) նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն,
2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմներ,
3) սոցիալական տարբեր խմբեր կստանան նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ,
4) նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
5) երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական հիմքի ապահովում,
6) նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հատկապես գյուղական համայնքներում կկրի ավելի կայուն և շարունակական բնույթ՝ ի հաշիվ պետական աջակցության:
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ Պետբյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ՝ տարեկան կտրվածքով։
Նախագիծը ներկայացնելիս նա նշեց․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովմանը քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆինանսավորման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտ: Վերջինիս բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրության խնդիրները:
Այլ խնդիր է նախադպրոցական տարբեր հաստատությունների կողմից իրականացվող ծախսերի անհամամասնությունը և դրանց ֆինանսավորման էական տարբերությունները համայնքից համայնք, ինչպես նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հաստատությունների մանկավարժական անձնակազմի աշխատանքի վարձատրությունների չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում շատ տարբեր են:
Բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող խթանման ֆոնդի հնարավորությունները:
Ֆինանսավորման կարգը նպատակ ունի նաև կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասով, որ առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.
հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.
- 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
- 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
- 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,
- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար»։