Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ կապված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի հետ։
Պատգամավորը հարցրեց, թե այս տուրքի ավելացմամբ ինչքա՞ն գումար է ավելանալու։
«Երկրորդ հարցս մի փոքր ավելի քաղաքական է, բայց Սյունիքի մարզում «Քաղաքացիկան պայմանագիրը» շատ էր խոսում ազգայնացնելու մասին։ Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ բուն ընկերությունը չի ազգայնացվում, բայց, հաշվի առնելով այս տուրքի ծավալը, մենք, ըստ էության, ավելի ենք ազգայնացնում ՀՀ ընդերքը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Ի պատասխան հարցի՝ Վահան Քերոբյանն ասաց․
«Առաջինը, ես ուզում եմ ասել, որ այ օրենքը չի ընդունվում ինչ-որ մի տնտեսվարողի համար կամ հանդեպ, ընդհանուր ոլորտի հանդեպ է։ Եվ այս միջոցառմամբ մոտակա 6 ամիսներին մենք պետական բյուջե կմուտքագրենք մոտավորապես 35 մլրդ դրամ գումար, որը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին։ Եվ մեր առջև ծառացած խնդիրներն այնպիսին են, նաև մեր նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված խոստումները մեր քաղաքացիներին այնպիսին են, որ կենասական անհրաժեշտություն կա՝ ընդերքի նկատմամաբ վերաբերմունքը փոխելու, և ընդերքից ստացված եկամուտները հավասարաչափ բաշխելու տնտեսվարողների և ՀՀ քաղաքացիների միջև»։
Պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք քննարկվում են տարբերակներ՝ հաշվի առնելով կոմբինատի վնասակարության ազդեցությունը՝ հատկապես մոտ բնակավայրերի վրա։
«Անցած տարի քննարկվել է ռոյալթինրի մի մասը համայնքներին տալու նախագիծ, որն այդպես էլ չի ընդունվել։ Ըստ այդ նախագծի՝ ռոյալթինրի ամբողջ գումարի մոտ 2%-ը պետք է գնա շահառու համայնքներին։ Բայց այդ օենքը չի ընդունվել։ Ես կարծում եմ, որ ռոյալթիների վերականգնման մեր այս համակարգում անպայման լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին, որվհետև, իհարկե, այդ համայնքները որոշակիորեն ավելի վատ բնապահպանական միջավայրում են ապրում և միգուցե անհրաժեշտություն կա այդ համայնքներում ավելի բարձր որակի առողջապահական ծառայություններ և մարդկանց կյանքի որակը բարձրացնելու ծառայություններ ներդնել»։
Մանրամասները՝ տեսանյութում