132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով . Թագուհի Թովմասյան

7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից, չհասկացավ իր գործունեության բուն իմաստը: Այս մասիմ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Որքան էլ զարմանալի կարող է թվալ, հետպատերազմական շրջանում մեր խորհրդարանը չկարողացավ ադեկվատություն ցույց տալ և համարժեք արձագանքել Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողություններին։ Հետպատերազմական փուլում խորհրդարանական երկրի Ազգային ժողովը պետք է օգտագործեր իր ողջ գործիքակազմը` Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովմանը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի և Հադրութի և մյուս բնակավայրերի դեօկուպացիայի անհրաժեշտությանը վերաբերող իրավաքաղաքական գնահատականներ տալու, և դրանք միջազգային ասպարեզ հասցնելու նպատակով։

Ցավոք հետպատերազմական խորհրդարանը Արցախի վերաբերյալ անթույլատրելի լռություն էր պահպանում։ Եվ այդպես էլ ոչ մի հրատապ հարց, երկիրը ճգնաժամից հանելու գրեթե ոչ մի նախագիծ չընդունեց։

«Արցախ» նախաձեռնության անդամներով փորձեցինք ԱԺ հայտարարության նախագծով արտահայտել քաղաքական դիրքորոշում և ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր այն մասին, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմով Ադրբեջանը ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համապատասխան իրավական հղումներով ցույց էինք տալիս, որ Շուշին, Հադրութը, ինչպես նաև Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող մյուս շրջանները օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: Հայտարարության նախագիծը ընդհանուր առմամբ ներկայացնում էր նաև նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա Արցախի Հանրապետության շրջանների օկուպացիայի ազդեցության հնարավորությունների շրջանակը, որը իհարկե բացակայում է։

Հետպատերազմական շրջանում կեղծ խաղաղասիրության թեզեր ենք լսում մի շարք պաշտոնյաների կողմից, իսկ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով խոսում է Զանգեզուրի, Երևանի, Սևանի՝ իրենց պատմական հողեր լինելու մասին և խոստանում վերադառնալ։

Եվ այս իրավիճակում, երբ ի թիվս Սյունիքի, Գեղարքունիքի դեպքերի, այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ենք զոհ ունենում, երբ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք և չի հեռանում, երբ զինվորը տարրական պայմանների խնդիր ունի ծառայության ընթացքում, երբ անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, երբ տարածաշրջանում ազդեցության համար խոշոր խաղացողների կատաղի պայքար է ընթանում, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում է իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ պատգամավորական գործունեության համար հատկացվող 50 000 ՀՀ դրամը 250 000 ՀՀ դրամ դարձնելու վերաբերյալ։

Եվ եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով։
Մի՞թե չեք կարողանում առաջնայինը հազարերորդականից տարբերակել ․․․»,-նշել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել