Կառավարության որոշմամբ Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտել Հայկ Գրիգորյանին՝ վերջին 3 տարում Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանի աշխատանքն այդ կարգավիճակում, այդ պաշտոնում: Մենք առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտությունները մենք անպայման պետք է կիրառենք մեր պետական կառավարման համակարգում»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնում. «Քննչական կոմիտեն մեր ամենամեծ քննչական մարմինն է, որն իրականացնում է ՀՀ-ում նախաքննության առյուծի բաժինը: Եվ մենք պետք է միշտ, անընդհատ մտածենք կոմիտեի և ընդհանրապես մեր նախաքննության, իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ես համոզված եմ, որ պարոն Գրիգորյանը նաև իր գիտելիքներով և փորձով արդեն իսկ կիսվել է և կշարունակի կիսվել պարոն Քյարամյանի հետ և բոլոր միջոցներով կաջակցի պարոն Քյարամյանին, որպեսզի նրա գործունեությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում լինի արդյունավետ»:
Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այս կարևոր ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»:
Հավելենք, որ շուրջ 2 տարում սա Արգիշտի Քյարամյանի արդեն 8-րդ պաշտոնն է։
- 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազ:
- 2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոններ:
- 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:
- 2020 թվականի մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Հասցրել է պաշտոնավարել 1 օր։
- 2020 թվականի մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: / Պաշտոնավարել է 1 ամիս, 3 օր։
- 2020 թվականի հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: / Պաշտոնավարել է 3 ամիս։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ / Պաշտոնավարել է շուրջ 2 ամիս։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին որոշմամբ Արգիշտի Քյարամյանն նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Պաշտոնավարել է շուրջ 7 ամիս։