Այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին։
Մինչ հարցը հնչեցնելը, նա դիմեց ՍԴ դատավորներին՝ ասելով․
«Բարձր դատարան, ճիշտն ասած, ես կցանկանայի մեջբերում անել, բայց կուզեի ձեր կարծիքը հասկանալ՝ արդյո՞ք կարելի է մեջբերում անել Սերժ Սարգսյանի հանրահայտ այն խոսքերը։ Որովհետև անընդհատ խոսվում է ատելության խոսքի մասին, ընտրության արդյունքների վրա դրա ազդեցության մասին։ Կարելի՞ է արդյոք մեջբերել, եթե մեջբերումն իր մեջ ուղիղ հայհոյանք է պարունակում»։
Դատարանից ստանալով բացասական պատասխան՝ Բադասյանը հարցը հնչեցրեց․
«Այնուամենայնիվ, պարոն Հարությունյան, եթե հասկացաք՝ ինչի մասին է խոսքը, ինչպե՞ս կմեկնաբանեք հայհոյանքների օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ»։
Հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց․
«Ընդհանրապես, համարում եմ, որ այն բառապաշարը, որն օգտագործվել է այս ողջ ժամանակահատվածում, անթույլատրելի է։
Հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդիկ չեն կարողանում արդեն զսպել իրենց էմոցիաները, երն անընդհատ, հատկապես իշխանական ուժից, հնչում է տարափ՝ ահաբեկող, հայհոյող, նվաստացնող։
Բայց չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում է։ Եվ կարծում եմ, որ առաջինը իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկեր, որ նման իրավիճակ Հայաստանում չլինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, իմ ելույթի ժամանակ ես խոսում էի իշխանության պոզիտվ պարտականությունների մասին՝ կանխել այդ ամենը։
Բայց երբ իշխանությունը ինքն է նախաձեռնում, բնականաբար, նման բաներ չի էլ կարող կանխել։ Եվ դրանք, որպես կանոն, արձագանք են իշխանության պահվածքին։ Համարում եմ, որ դա ցավալի երևույթ է, և ես կարծում եմ, որ ՀՀ-ում մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ երբևէ մեր քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: