«Հայոց Հայրենիքը» ամենաքիչն է օգտագործել անվճար եթերը, ի՞նչն է պատճառը․ Տիգրան Հակոբյանը՝ Արտակ Գալստյանին

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 90 րոպե անվճար եթերից օգտագործել է 13 րոպեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Յուրաքանչյուր կուսակցություն այդ 12 օրվա ընթացքում հնարավորություն ուներ 90 րոպե անվճար օգտագործել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերը, առանց որևէ հավելյալ ջանքերի։ Երբ նայեցինք կուսակցությունների կողմից անվճար եթերի օգտագործման տվյալները՝ ամենացածր ցուցանիշը «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ունի։ Միայն մեկ կուսակցություն ավելի ցածր ուներ՝ «Հայոց Արծիվներ» կուսակցությունն էր, բայց նրանք դուրս էին եկել ընտրապայքարից։ 90 րոպե անվճար եթերից «Հայոց Հայրենիք» կուսակցությունը օգտագործել է ընդամենը 13 րոպեն։ Համեմատության համար ասեմ, որ մյուս երեք բողոքող կուսակցություններն արդյունավետորեն օգտագործել են այդ ժամանակը։ Ի՞նչն է պատճառը, որ չեք օգտագործել այդ եթերաժամանակը»,- ասաց Հակոբյանը։

Ի պատասխան հարցի՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն ասաց․

«Տեղեկությունը կամ ձեզ են սխալ ներկայացրել կամ լավ չեք նայել։ Նախընտրական քարոզարշավը սկսելու ժամանակ տրվել է 3 րոպե անվճար եթերաժամ՝ գովազդ տեղադրելու։ Մենք մինչև պատրաստել ենք մեր գովազդը, անցել է 2-3 օր, որից հետո նախընտրական գովազդը տրվել է Հ1-ին։ Գովազդը եղել է 4 րոպեանոց։

Նույնիսկ մենք առաջարկել ենք այդ ժամանակ, որ պատրաստ ենք հավելյալ վճարել, որ այդ գովազդը նորից սկսի պտտվել, մեզ ասել են, որ նման իրավունք մենք ձեզ չենք կարող տալ։ Այնպես չի, որ մենք ցանկություն չենք ունեցել։ Դրանից բացի՝ Հ1-ի բոլոր հեռարձակումներին և հաղորդումներին մաքսիմալ քանակով կարողացել ենք մասնակցել։ Եվ այստեղ չի վիճարկվում՝ «Հայոց Հայրենիքը» պետք է անցնե՞ր Ազգային ժողով, թե՞ չպիտի անցներ։ Այստեղ վիճարկվում է ընտրությունների օրինականության խնդիրը»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել