Տեսանյութերը դիտելիս չեմ ստանում լիարժեքորեն այն տպավորությունը, որը գրել եք դիմումում․ Երվանդ Խունդկարյանը՝ Արա Զոհրաբյանին

Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը այսօր՝ հուլիսի 10-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանի դիմումի առնչությամբ ասաց․

«Այն տեսանյութերը, որ Դուք ներկայացրել եք, ինձ համար շատ կարևոր է, որ Ձեր ակնկալած արդյունքը իրականանա, թե ինչ եք ուզում Դուք տեղ հասցնել դատարանին, մասնավորապես, կազմի մեջ մտնող դատավորներից յուրաքանչյուրին։

Ես տեսանյութերը դիտելիս, տեսանյութ 1, որով հաստատվում է, որ զինվորը քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում է և դուրս է գալիս, տեսանյութ 2, որով հաստատվում է, որ ընտրողներին ուղղորդում են՝ միտումնավոր թիվ 3 համարը վերևում դնելով։

Այն տեսանյութերը, որոնք Դուք կցել եք, ես այս տեսանյութերը դիտելիս չեմ ստանում լիարժեքորեն այն տպավորությունը, որը գրել եք դիմումում, դրա համար խնդրում եմ՝ եթե հնարավորություն ունեք, րոպեները ֆիքսեք, թե որ դետալի վրա եք ցանկանում ուշադրություն հրավիրել»։

Ինչին ի պատասխան՝ Արա Զոհրաբյանն ասաց․

«Շատ լավ, նկատի կունենանք և այդ նյութերի հետազոտման ժամանակ անպայման կտեղեկացնենք»։

Հավելենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել