Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները․ Ռուբեն Վարդազարյան

Ռուբեն Վարդազարյանը, ով զբաղեցնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:

Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Ապրիլի 15-ին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․

«2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել