«Այս իշխանություններն ընտրություններից հետո շարունակում են համատարած բռնաճնշումները բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն քվեարկել այսօրվա իշխանության օգտին: Մասնավորապես՝ մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումները համայնքների ղեկավարների նկատմամբ, դրանով նաև փորձ է արվում քանդել այդ ինստիտուտը»,-այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ակնկալում են, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ԿԸՀ որոշումը:
«Հուսով ենք նաև, որ հուլիսի 9-ին ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել նշված իրավախախտումները և որոնց ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Կներկայացնի նաև բավականին լուրջ տեղեկատվություն՝ կրկնաքվերակությունների, նյութական ռեսուրսները մասսայական օգտագործելով, ըստ էության, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով՝ ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերը»,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ դրանք միջազգային իրավական համակարգում պատշաճ գնահատման ենթակա փաստեր են: