«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում քննելու են նույն նիստում։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«1. Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն
նիստում:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործի դատաքննությունն սկսել 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա՝ միավորված գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի՝ միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին»։