Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ պետք է գործարկվի «Զանգեզուրի միջանցքը». Արման Աբովյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Հիքմեթ Հաջիևը (Իլհամ Ալիևի նախագահական գրասենյակի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչը) կրկին հայտարարեց, թե բա շուտափույթ պետք է գործարկվի «Զանգեզուրի միջանցքը», որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի, այսինքն՝ Թուրքիայի հետ։

Հայաստանի մասով Հաջիևը կրկին կրկնեց հեքիաթները, թե բա Հայաստանը ստանալով երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի և Եվրոպայի հետ՝ կունենա այնքան օգուտներ, որ «խերի մեջ կկորի»։

Նախ մի դիտարկում․ ադրբեջանցիները շարունակական առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որը փաշինյանական իշխանությունները նույն համառությամբ հերքում են, քանզի «միջանցք» եզրույթը նշանակում է, որ ենթադրվող ճանապարհի վերահսկողությունը դուրս է գալիս Հայաստանի հսկողությունից։
Բայց տեսեք ինչ է տեղի ունենում իրականում։

Հիմա տպավորություն է ստեղծվում, թե հայկական իշխանությունները, իբր, կատաղի պայքար են մղում, որ այդ ճանապարհը չդառնա «միջանցք», ինչը իրականում այդպես չի, և այս խաղի հիմնական նպատակն է ակնհայտ հակահայկական ծրագրի իրականացումը ներկայացնել որպես հայկական կողմի հաղթանակ։
Այս փուլում, թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ այսօր «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը անհեռատես է և անիրականանալի, քանի որ դրան կտրուկ դեմ են Իրանը և Ռուսաստանը։

Եվ ըստ էության, միջանցքի շուրջ հայկական կողմի շինծու «պայքարը» միտված է կոծկել հիմնական նպատակը, որը հանդիսանում է Թուրքիայի լոգիստիկ ցամաքային միավորումը թուրքալեզու պետությունների հետ պան-թուրանական նախագծի շրջանակներում, ինչը, ի դեպ, թուրքերի բաղձալի երազանքն է վերջին հարյուր տարվա ընթացքում։
Թուրքերին միջանցք հիմա պետք չի՝ իրենք այս փուլում ավելի քան բավարարված կլինեն պարզապես ճանապարհ բացելով, քանզի աշխատում են իրենց նախագծերի փուլային իրականացման համակարգով։

«Զանգեզուրի միջանցքը» և Հայաստանի հարավային հատվածի անեկսիան՝ հաջորդ փուլերում նախատեսվող գործողություններ են, որոնց ժամանակային առումով իրագործումը կարող է տևել մի քանի տարի։

Սակայն պետք է հստակ հասկանալ, որ բոլոր լոլոները, որոնք այս իշխանությունները մեզ կպատմեն՝ իրականում միտված են լինելու կոծկել իրական վտանգները, որոնք անխուսափելի կառաջանան հենց առաջին գնացքը կամ բեռնատարը Թուրքիայից Նախիջևանով կուղևորվի դեպի Ադրբեջան։

Կրկնեմ շատ կարևոր դրվագ՝ տնտեսական առավելությունները, որոնք նախատեսում է ստանալ Հայաստանը այդ ճանապարհը բացելուց հետո, այնքան չնչին են համեմատած պետության անվտանգության առումով, որ նույնիսկ քննարկելու առարկա չեն։

Կարճաժամկետ, իբր, տնտեսական օգուտները փաշինյանական իշխանությունները ներկայացնելու են որպես երկնային մանանա Հայաստանի համար և համեստորեն լռելու են այն մասին, որ հենց ճանապարհը բացվեց այդ պահից սկսած մեկնարկելու է Հայաստանի սղոցով մասնատումը և դա միջնաժամկետ պատմական առումով անխուսափելի հեռանկար է դառնալու։

Իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի չեզոքացումը՝ որպես տարածաշրջանային քաղաքական միավոր, ունի բազմաթիվ փոխկապակցված երանգներ, սակայն Թուրքիայի և մնացած «թուրքալեզու աշխարհի» ցամաքով միավորումը, դա այն ամենակարևոր գործընթացն է՝ առանց որի տասնամյակներով իրականացվող պան-թուրանական նախագիծը՝ ուղղակի իմաստ չի ունենա։

Փաստորեն ստացվում է, որ այսօր Հայաստանի իշխանությունները իրականում լծված են պան-թուրանական նախագծի իրականացման գործընթացների մեջ։

Հասկանո՞ւմ են իշխանությունները իրական վտանգները, թե՞ կուրացած սեփական անհեռատեսությունից՝ միտումնավոր տանում են դեպի Հայաստանի Հանրապետության մասնատումը և ոչնչացումը՝ ես չեմ կարող ասել։
Սակայն անհերքելի է, որ այս գործընթացների տրամաբանությունը տանում է դեպի այս սցենարի իրականացումը ։
Հաջորթիվ կխոսենք այն վտանգների մասին, որոնք իր մեջ ներառում է ենթադրվող «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել