Գյումրու «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա

Գյումրու «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ  ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:  Երեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա  լսել է երեխայի ձայնը, մոտեցել   ու  անմիջապես   ահազանգել ոստիկանություն ու  շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին  արատ  երեխայի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում:  Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն  նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:  Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով,  կեղտոտ ու  անխնամ:

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝  տաքացնող սեղանիկի վրա այնքան  մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել