«Ուրախ եմ ելույթով դիմել ՎԶԵԲ-ի 30-րդ հոբելյանական համաժողովին». Տիգրան Ավինյանը մասնակցել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան ժողովին

Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է. 

«Ուրախ եմ ելույթով դիմել ՎԶԵԲ-ի 30-րդ հոբելյանական համաժողովին: Իրոք, մեծ պատիվ և արտոնություն է այս տարի հանդես գալ երկակի դերով. տնօրենների խորհրդի համանախագահությունը կիսել իմ պատվավոր գործընկերներ պարոն Դոնոհոյի և Ումուրզակովի հետ, և Հայաստանի անունից ելույթ ունենալ այս շատ կարևոր հանդիպմանը:

Նախ, ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ՎԶԵԲ-ին 30-ամյակի կապակցությամբ` տարածաշրջանային անցման նպատակով ներդրումներ կատարելու իր անհավատալի հանձնառության համար: 2020 թվականի ընթացքում Բանկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին: Մենք ականատես եղանք Covid-19- ի ազդեցությանը մեղմելու նպատակով «Համերաշխություն» փաթեթի արդյունավետ գործարկմանը:

Հարգելի’ գործընկերներ,

Մենք միասին կերտել ենք անցումային հրաշալի պատմություններ: Մինչդեռ նոր իրողությունները պահանջում են նպատակների վերաձեւակերպում և գործիքների վերափոխում: 2021-25 ռազմավարական և կապիտալ ներդրումների շրջանակը (ՌԿՇ) արդեն ապահովված է սկզբունքորեն կարևոր ոլորտներով: «Լավագույն վերականգնում» պարադիգմի ներքո այն նախատեսում է անցում դեպի ցածր ածխածնային և կանաչ միջավայր, ներառական զարգացում, թվային վերափոխման արագացում:

Այս հավակնոտ նպատակները պետք է իրականացվեն բարձրորակ ներդրումների և բարձրորակ անցումային ազդեցության միջոցով: Միևնույն ժամանակ, համաճարակային անորոշությունները կարող են մարտահրավերներ հարուցել: Այստեղ, կարծում եմ, Բանկը կկարողանա արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը, այն է` արագ հարմարվելու ունակություն և նորարարություն:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Covid-19 համաճարակն առաջացրեց լուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ: Երկիրը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ: Համատեղ հակաճգնաժամային փաթեթը, որը նախատեսված է 2020 թվականի համար, գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Մենք մեծապես գնահատում ենք ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքը` օգնելու ՀՀ Կառավարությանը Covid-19- ի հետևանքների հաղթահարմանը միտված ջանքերում:

Հետճգնաժամային վերականգնման ճանապարհին մենք ձևավորում ենք առավել մրցունակ և աշխույժ տնտեսություն, ներառական և կայուն ապագա կառուցելու մեր օրակարգը: Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ամուր հիմքեր ստեղծել և օժանդակ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել նորարարական եղանակներով կանաչ միջավայրի վերականգնման համար:

Լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների հավակնոտ փաթեթը նույնպես գերակա խնդիր է: Մենք ողջունում ենք ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք համահունչ են մեր ազգային գերակայություններին:

Հարգելի’ գործընկերներ,

Covid-19 համաճարակից զատ կա մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին բախվում ենք բոլորս: Կլիմայական ճգնաժամն այլևս գիտական շրջանակների արտոնությունը չէ: Դա հրատապ քաղաքականության խնդիր է և պետք է հանդիսանա շրջակա տնտեսության և շուկաների վարքագծային օրինաչափությունները վերականգնելու հիմնաքար:

Ըստ էության, կլիմայական ճգնաժամը ձախողումների հետևանք է: Կլիմայական հավակնությունների մեջ 3 նոր զարգացումների ձևավորմամբ, մասնավորապես` Փարիզի համաձայնագրին միանալով, էներգետիկայի ոլորտի շուտափույթ ապաածխաջրածնացմամբ, ցածր ածխածնի և կլիմայի դիմացկուն ռազմավարությունների աջակցությամբ, ՎԶԵԲ-ն ապացուցեց, որ հանդիսանում է անցումային ազդեցության ինստիտուտ:

Կարևոր է հասկանալ, թե արդյոք բոլորը համահունչ հավակնություններ, նպատակներ, կարողություններ և հնարավորություններ ունեն ազգային մակարդակում՝ օգտագործելու անհրաժեշտ գործողություններն ավելի ցածր ածխածնի և կանաչ միջավայրի վերականգնման ուղղությամբ: Կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վերանայելու զարգացման օրինաչափությունները և արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ:

Մեր նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021 թվականի Ազգային ներդրումների շրջանակում: Ազգային նոր ռազմավարության նպատակը մինչև 2030 թվականն արտանետումների մակարդակի 40% իջեցումն է 1990 թվականի համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք արևի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%:

Համապատասխան ֆինանսական գործիքների և մեխանիզմների կիրառումը կենսական նշանակություն ունի «մտադրությունից` իրականացում» բանաձևի հաջող կենսագործման համար: Մենք վերահաստատում ենք ՎԶԵԲ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը կլիմայի ֆինանսավորման մասշտաբային մոբիլիզացման նպատակով: Հայաստանն ընդհանուր առմամբ ողջունում է ՎԶԵԲ-ի կլիմայական նախաձեռնությունները, որոնք միտված են ցածր ածխածնային զարգացումն ապագայի վարքագիծ դարձնելուն:

Հարգելի’ գործընկերներ,

Մենք կարծում ենք, որ բոլոր կարևոր թեմաները, որոնք էապես ազդում են տարածաշրջանի ապագա տնտեսական ճարտարապետության վրա, չեն կարող արդյունավետորեն ապահովվել առանց ուժեղ ժողովրդավարությունների, կայունության և խաղաղության: Այդ նպատակով միջազգային հանրությունը և ինստիտուտները, ներառյալ ՎԶԵԲ-ը, պետք է ավելի մեծ եռանդով դատապարտեն այն խախտումները, որոնք առաջացնում են մարդասիրական բնույթի սպառնալիքներ և վտանգում տարածաշրջանի կայունությունը:

Հարգելի’ գործընկերներ,

Այս հանդիպումը պետք է որակել որպես խիստ էական: Այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, կարևոր ազդեցություն կունենան ապագայի անցման և վերափոխման ուղղությամբ` հավաքականորեն մտածելու և գործելու վրա: Բանկի նախագահությանը և թիմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և կարելիություններ ներկայիս արտակարգ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև առողջ համախմբում նոր հավակնությունների շուրջ:

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքն արտահայտել ՎԶԵԲ-ի նախագահ տիկին Օդիլե Ռենո-Բասոյին, գլխավոր քարտուղար պարոն Էնցո Քվատրոչիոկչեին և ղեկավար կազմին` այս հեռավար տարեկան համաժողովը նման անկայուն ժամանակներում կազմակերպելու համար: 

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր ընտրողներին` կայացած գործառնական տարվա և գերազանց թիմային աշխատանքի համար: ՎԶԵԲ-ը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և կմնա այդպիսին»:

Հիշեցնենք, որ Հայաստանը պետք է հյուրընկալեր 2021թ. տարեկան ժողովը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, ուստի Երևանում տարեկան ժողովը կայանալու է 2024թ.:

Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել