«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք պարտվեցինք…… ե՞րբ պարտվեցինք, ե՞րբ սկսվեց այս պարտությունը……
Պարտվեցինք, երբ Արցախյան պատերազմի քողի տակ երկրի ողջ արդյունաբերությունը քանդող օտար գործակալներին վստահեցինք իշխանությունը:
Պարտվեցինք, երբ խեղճ ու կրակ տնակներում խցկած Գյումրին վերակառուցելու փոխարեն սուլթանական քիմքին հարիր պալատներ ու հարեմատներ սկսեցինք կառուցել:
Պարտվեցինք, երբ կամաց-կամաց Երևանի, իսկ հետո էլ անգամ սահմանամերձ գյուղերի խանութներն ու հանրախանութները մարկետ ու սուպերմարկետ դարձան, երբ լատինատառը կերավ «ոսկեղենիկ» հայերենին, ու հայ երեխան սկսեց հայոց ա-ն ու օ-ն տաք կարտոֆիլը բերանում արտահայտվել….
Պարտվեցինք, երբ հեռուստաալիքներն իրենց եթերները վաճառեցին օտար ներդրողներին՝ ռաբիզ երաժշտության երեկոներ կազմակերպելու համար՝ հնարավորինս շատ մուղամային մղկտոցով ու կլկլոցով, փողոցային բարքերն ամեն օր ամեն տուն բերող սերիալներով ու «անդուռ-անլուսամուտ» հաղորդումներով…
Պարտվեցինք, երբ Անահիտը Անգելինա ու Արիանա դարձավ, Մուշեղը Մարկ ու Մայք, Լիլիթը Լիա ու Լիլի, Արեգը՝ Ալեքս, Լևոնը՝ Լեո, Կարինը՝ Կատալինա ու Քեթրին……
Պարտվեցինք, երբ ուսուցչին տված թեյավճար-աշխատավարձի արդյունքում մանկավարժին սովորեցրինք «փողով պարապել»:
Պարտվեցինք, երբ դպրոցը դարձավ միայն ԲՈՒՀ ընդունվելու միջոց, իսկ ընդունվելն էլ հնարավոր դարձավ միայն «կրկնուսույցի» շնորհիվ:
Պարտվեցինք, երբ գիտնականը կամ հեռացավ Հայրենիքից կամ դարձավ տաքսու վարորդ ու շուկայում վերավաճառող…..
Պարտվեցինք, երբ գյուղացին սեփական հողը մշակելն այլևս օգտավետ չհամարելով հեռացավ Ռուսաստանի ճանապարհներն ասֆալտապատելու կամ Եվրոպայում փախստականի նպաստով ապրելու….
Պարտվեցինք, երբ «խոպան» գնացած ու էլ չվերադարձած հայ տղամարդու կնոջը «ստիպեցինք» երեխա պահելու համար թուրքիա գնալ ու «առևտրական» դառնալ…..
Պարտվեցինք, երբ սեփական երկրում «արժանապատիվ» ապրելու միակ միջոցը դարձավ «քյարով» մասնագիտություններ ընտրելն ու սեփական երկիրն ու սեփական ժողովրդին խաբելով, թալանելով ապրելը….
Պարտվեցինք, երբ երկրի արդարադատությունը ամենաանարդարը դարձավ ու լրագրողը՝ լուր վաճառող………..
Պարտվեցինք բոլորս՝ ուսուցիչն ու բժիշկը, սպան ու գիտնականը, գյուղացին, բանվորը, բոլորս, բոլորս, բոլորս……
Պարտվեցինք…. և վճարեցինք ամենաթանկով՝ անմեղ կյանքերով ու Հող հայրենիով….
Իսկ ե՞րբ է գալու հաղթելու ժամանակը…… և ինչպե՞ս ենք հաղթելու…..»: