Արմեն Չարչյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Գործի նյութերը տրամադրվել են պաշտպանության կողմին` ծանոթացման, իսկ ինչ վերաբերվում է փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է վերջինիս պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր․

«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել