Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը (29 մանդատ), իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը (7 մանդատ):
Իրավաբան․net-ը ներկայացնում է նոր խորհրդարանի և կառավարության ձևավորման կարգը։
Սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Կառավարությունը կազմավորվելու է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, այս դեպքում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
Վարչապետի ընտրությունն անցկացվելու է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակելու Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Այնուհետև, 5 օրվա ընթացքում վարչապետը նախագահին պետք է առաջարկի փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Նախագահն իր հերթին եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Այնուհետև Ազգային ժողովն իր կազմից ընտրելու է Ազգային ժողովի նախագահ և նախագահի երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: